18:14 Տիեզերք |
Տիեզերքը
մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև
տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող
ամեն ինչը: Տիեզերքն
ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ: Մեզ տեսանելի ամենահեռավոր
գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է
հասնում միլիարդավոր տարիների ընթացքում: Մեզանից
շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք
գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն
Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝
ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:
Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից: Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ: Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000 կմ/վ արագությամբ, 1 վայրկյանում կարող է մոտ 8 անգամ պտտվել երկրագնդի շուրջը: Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ: Մինչդեռ մեզ ամենամոտ Պրոքսիմա աստղից, որը գտնվում է Կենտավրոս համաստեղությունում, լույսը Երկիր է հասնում միայն 4 տարի 4 ամսում: Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում: Քանի
որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում,
մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են
հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ: Այսինքն` երբ նայում
ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած
ժամանակներին: Արեգակը
մոլորակների և իր մյուս արբանյակների հետ կազմում է Արեգակնային
համակարգը: Հնարավոր է, որ շատ աստղեր նույնպես իրենց շուրջն ունեն
մոլորակներ, և դրանցից մի քանիսի վրա կյանք լինի: Աստղերը
կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ: Արեգակից բացի,
մեր Գալակտիկայում կան մոտ 100 մլրդ ուրիշ աստղեր ևս: Որոշ
գիտնականներ այն կարծիքին են, որ Տիեզերքը երբեք չի առաջացել, այլ հավերժ
գոյություն է ունեցել և գոյություն էլ ունենալու է՝ փոփոխվելով միայն իր
ձևերով և դրսևորումներով: Ժամանակակից
գիտության մեջ Տիեզերքի ձևի և չափերի մասին պատկերացումները խիստ վիճելի
են: Ենթադրաբար, Տիեզերքի չափերը կազմում են ավելի քան 93 մլրդ լուսատարի
(1 լուսատարին լույսի անցած ճանապարհն է 1 տարում՝ 9,5.1012կմ): Ենթադրվում է նաև, որ դիտարկումներին ենթակա է Տիեզերքի ընդամենը 13 մլրդ լուսատարի ծավալը, այսինքն՝ 1/7-րդ մասը: Դեռևս
խոր անցյալում մարդիկ նկատել էին, որ Արեգակը, Լուսինը, մոլորակները և
աստղերը երկնքում տեղաշարժվում են որոշակի օրինաչափությամբ: Դրանց դիրքով
մարդիկ կողմնորոշվում էին տեղանքում և որոշում ժամանակը, ուստի սկսեցին
ուսումնասիրել երկնային մարմինների շարժումները: Այդպես ծնվեց
աստղագիտությունը՝ երկնային մարմինների շարժումների ու զարգացման մասին
գիտությունը:Տիեզերքը ուսումնասիրում է մի գիտություն որը կոչվում է աստղագիտություն:Աստղագետներն աշխատում են բացատրել այն ամենը, ինչ կարելի է տեսնել գիշերային երկնքում: Նրանք որոշում են նաև, օրինակ, աստղերի տարիքը և դրանց հեռավորությունը Երկրից: Շատ դարեր պահանջվեցին պարզելու համար, թե երկնային մարմինների որ շարժումներն են իրական, և որոնք՝ թվացյալ: Օրինակ՝ մեզ թվում է, թե Արեգակը ծագում է, շարժվում երկնքում և մայր մտնում, սակայն իրականում Արեգակի շուրջը պտտվում է Երկիրը: Մինչև XVI դարը գրեթե բոլորը համոզված էին, որ Երկիրն անշարժ է և գտնվում է Տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մարմինները պտտվում են Երկրի շուրջը: 1540-ական թվականներին լեհ գիտնական Նիկոլայ Կոպեռնիկոսը առաջ քաշեց Տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսությունը, ըստ որի` Երկիրը և մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը և կազմում են Արեգակնային համակարգը: 1608 թ-ին, երբ Հանս Լիպերսգեյը ստեղծեց աստղադիտակը, պարզվեց, որ Արեգակն ավելի քան միլիոն անգամ մեծ է Երկրից, իսկ աստղերը նույնպիսի շատ ջերմ, ինքնալուսարձակող գազային հսկա գնդեր են, ինչպես և Արեգակը: Ժամանակակից աստղագետներն աստղային երկինքը դիտարկում են խոշոր աստղադիտարաններում տեղակայված գիտության վերջին նվաճումներով սարքավորված աստղադիտակներով: Աստղերն ու գալակտիկաներն արձակում են ոչ միայն լույս, այլև ճառագայթման այլ տեսակներ, օրինակ՝ ռենտգենյան ճառագայթներ ու ռադիոալիքներ: Աստղագետները ճառագայթման այս տեսակները գրանցում են շատ բարդ աստղադիտակներով, տիեզերական արբանյակներով և այլ հատուկ սարքավորումներով: Մաթեմատիկական բարդ հաշվարկները կատարվում են համակարգիչներով, որն զգալիորեն հեշտացնում է դիտարկումների արդյունքների մշակումը: XX
դարի 2-րդ կեսից, տիեզերագնացության զարգացմամբ, Երկրի արհեստական
արբանյակներում և տիեզերանավերում տեղադրված աստղագիտական սարքերը
հնարավորություն տվեցին ուսումնասիրել Տիեզերքը Երկրի մթնոլորտի
սահմաններից դուրս: Մթնոլորտը, որը կլանում է երկնային մարմիններից եկող
բազմաթիվ ճառագայթներ, տիեզերական ուղեծրերում դիտումներին չի խանգարում:
Ահա թե ինչու աստղագետները կարողացան ստանալ Տիեզերքի մասին նոր, արժեքավոր
տվյալներ: ՀՀ
տարածքում պահպանվել են հին մշակույթի նյութական շատ հուշարձաններ, որոնք
վկայում են, որ դեռևս հեռավոր անցյալում մեր նախնիները նույնպես զբաղվել են
աստղագիտությամբ: Սիսիանից
3 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են նախապատմական կառույցի
մնացորդներ, որոնք բաղկացած են օրինաչափ կանգնեցված բազմաթիվ քարերից՝
շատերի վերին մասում կլոր անցքերով: Հետազոտությունները պարզել են, որ
ավելի քան 7500 տարի առաջ այդտեղ ակտիվորեն գործել է Քարահունջի հզոր
աստղադիտարանը: Գեղարքունիքի մարզում հայտնաբերված ավելի քան 3 հազարամյակի
վաղեմության 2 ժայռապատկերների վրա պատկերված են Առյուծ, Կարիճ և
Աղեղնավոր համաստեղությունները, մեկ այլ բեկորի վրա՝ Արեգակը, Լուսինը և
անզեն աչքով տեսանելի 5 մոլորակները: Ըստ պատմական և հնագիտական տվյալների՝
դեռևս մ. թ. ա. I հազարամյակի կեսերից հայերը սկսել են օգտվել լուսնային,
ապա՝ արեգակնային օրացույցից: Սկսած V դարից՝ պահպանվել են հայերեն գրավոր
վկայություններ աստղագիտական բնույթի աշխատությունների մասին: Որպես
գիտություն՝ աստղագիտությունը Հայաստանում ձևավորվել է VII դարից՝ Անանիա
Շիրակացու աշխատությունների շնորհիվ: Միջին դարերում իրենց
աստղագիտական-տոմարագիտական աշխատություններով աչքի են ընկել Հովհաննես
Սարկավագը (XI–XII դարեր), Հովհաննես Երզնկացին (XIII դար), Հակոբ Ղրիմեցին
(XIV–XV դարեր) և այլք: XVIII դարում կազմվել է հայկական առաջին
աստղագիտական տպագրական քարտեզը՝ «Աստղալից երկինքը», որը զետեղված է
Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (1749 թ.) գրքում: XIX դարում
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում աստղագիտական հետազոտություններ են կատարել
Մխիթարյան միաբանության գիտնականները: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |