Koenigsegg Regera
Բացառիկ սպորտային մեքենաներ արտադրող շվեդական Koenigsegg ընկերությունը ընդամենը մի քանի ամիս առաջ, Ժնևի միջազգային ավտոսրահում ներկայացրել էր իր գերհզոր Regera հիբրիդը: Մակնիշի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց նախագիծը հանդիսանում է աշխարհի ամենահզոր և արագընթաց սերիական ավտոմեքենան և այն կարտադրվի ընդամենը 80 օրինակով: Regera-ն զարմացնում է իր դինամիկայով և արագացման ֆանտաստիկ ցուցանիշներով: Մոտ 1600 կգ կշռող կուպեն 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2,8վրկ-ում, 150-250կմ/ժ-ը՝ 3,2 վրկ-ում, իսկ 400կմ/ժ-ին հասնում է 20վրկ-ից էլ պակաս ժամանակում: Առավելագույն արագությունը 410կմ/ժ է: Այս զարմանալի դինամիկան ապահովում է ներքին այրման շարժիչից և 3 էլեկտրաշարժիչներից բաղկացած հիբրիդային ուժային ագրեգատը: Ներքին այրման շարժիչը 5 լիտրանոց բիտուրբինացված V8 -ն է, որը զարգացնում է 1100 ձիաուժ հզորություն և 1280Նմ առավելագույն պտտող մոմենտ: Հետևի անիվներից յուրաքանչյուրի վրա տեղադրված է մեկական էլեկտրաշարժիչ, իսկ երրորդը՝ բենզինային շարժիչի լիսեռի վրա է: Երեք էլեկտրաշարժիչները միասին զարգացնում են մոտ 700 ձիաուժ և 800 Նմ պտտող մոմենտ: Դրանց լիթիում-իոնային մարտկոցները կարելի է լիցքավորել սովորական էլեկտրասնուցման աղբյուրից, իսկ միայն էլեկտրական քարշակմամբ մեքենայի պահուստային ընթացքը կազմում է 35-50 կմ: Հատուկ այս մեքենայի համար մշակվել է նոր Koenigsegg Direct Drive փոխանցումատուփ, որը ուժային ագրեգատի ողջ հզորությունը, առանց կորուստների, փոխանցում է հետևի անիվներին:
Regera-ն ունի ակտիվ աերոդինամիկ էլեմենտներ՝ կառավարվող հակաթև,առջևի բամփերի բացվող կափույրներ, ադապտիվ կախոց և փոփոխվող լուսածերպ, ինչպես նաև կարբոն-կերամիկական արգելակներ, թրեքշն-կոնտրոլ համակարգ , կայունացման երեք ռեժիմ, ածխապլաստիկից անվասկավառակներ՝ 19 դյույմանոց առջի և 20 դյույմանոց հետևի անիվների համար, տիտանից պատրաստված արտանետման համակարգ: Սմարթֆոնի հատուկ հավելվածի միջոցով վարորդը կարող է գրեթե ամբողջությամբ կառավարել մեքենան՝ բացել-փակել դռները, բեռնախցիկը,կառավարել հակաթևը, շասսիի կարգավորումները, լիցքավորման գործընթացը:
Մեքենան իր առաջին գնորդներին կհասնի միայն 2016 թ-ի մարտին և կարժենա մոտ 2 մլն դոլար:
Հ.Գ. Երևի թե ճիշտ է, որ այսպիսի սուպերմեքենաներն արտադրվում են սահմանափակ քանակությամբ և պատճառը բոլորովին էլ ֆանտաստիկ բարձր գինը չէ: Պատկերացնում եք, թե ինչ կկատարվեր, եթե այսպիսի <<հրթիռներ>> շատերը վարեին......
|